ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ի տարբերություն անդունդներում ապրող անգեղ աստվածների` նրա անունը Գեղ է

Ի տարբերություն անդունդներում ապրող անգեղ աստվածների` նրա անունը Գեղ է
26.06.2009 | 00:00

ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՉՃԱՆԱՉԱԾ ԳԱՌՆԻՆ
Գառնի հեթանոսական տաճարի, Գառնի ամրոցի, նրա շրջակա տարածքի, նրա աստվածների, ավերումների, պատերազմների ու պայքարի մասին է վերջերս էկրան բարձրացած «ԱՐԵՎԻ ՏԱՃԱՐ» փաստավավերագրական ֆիլմը: Սցենարի հեղինակ ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԻ խոսքով` տաճարն ինքն էր թելադրում, հուշում սցենարի ընթացքը: Ֆիլմի ռեժիսոր ՇԱՎԱՐՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ խոսեց հայոց պատմությանը նվիրված քառասուն մասից կազմված ֆիլմաշար ստեղծելու իրենց վաղեմի, դեռևս չիրականացած երազանքի մասին :
-Հայրենիքը սիրելու համար, նախ, պետք է ճանաչել հայրենիքը, նրա պատմությունը, անցյալը, մշակույթը,- ասաց նա:- «Արևի տաճարը» յուրատեսակ դասագիրք է սերունդների համար: Ֆինանսական միջոցները հնարավորություն չեն տալիս ասելիքը մի քանի ֆիլմերում ամփոփելու: Այդ իսկ պատճառով տեքստը խիտ է. փորձել ենք հնարավորինս շատ բան ասել մեկ ժամ քսան րոպե տևողությամբ այս ֆիլմում: Այն դիտելուց հետո շատերը կխոստովանեն, որ չեն ճանաչել Գառնին:
Պատմությունը մեզ տանում է դեպի Արգիշտիի ժամանակները, երբ մոռացության մշուշից վեր է հառնում Գեղամա լեռներում բնակվող մի նախաստեղծ աստվածուհու հզոր կերպարը: Նա կույս է, միայնակ, սակայն ծննդաբերող, նա ծնվում է տիեզերական քաոսից, մյուս դեպքում` երկնային ծովի ջրերից, նրանից են բխում երկինքն ու երկիրը, մյուս դեպքում` լուսատուները և աստղերը, նա երկրային ու երկնային ջրերի արարիչն է և նրանց պահապան ուժը: Մարդկանց առջև հայտնվում է որպես աննման կույս, որպես ձկնավիշապ... Նրա անունը Գեղ է, այսինքն` երևացող, տեսանելի, ի տարբերություն անդունդներում ապրող անգեղ աստվածների: Այդպես չորացած աղբյուրների ակերում բնակվում են չարագործ գիշերամայրերը, մինչդեռ զուլալ աղբյուրներում ապրում են Գեղ դիցուհու հազարավոր կույսերը, ջրի բարիքները, ջրահարսերի մի ամբողջ աշխարհ: Պեղումների ժամանակ հայտնաբերված Արգիշտի արքայի սեպագիր արձանագրությունը նույնպես վկայում է, որ Գառնին իր շրջակա տարածքով անվանվել է Գյառնիյան երկիր:
Ինչպես շեշտվում է ֆիլմում, թեև քրիստոնեական, հեթանոսական ավանդույթները, սեպագիր, հունարեն, արամերեն, անգամ լատինատառ արձանագրությունները, տարածքն ու կառույցները խոսում են իրենք իրենց մասին, այնուամենայնիվ, գտնված պատասխանները նոր հարցեր են առաջ քաշում: Հետագա պեղումները գուցե տան այն հարցերի պատասխանները, որ պատմությունը չի հուշում:
Գեղամա աշխարհում անընդհատ կրկնվում է պատմությունը` երկրաշարժ, պատերազմ, ավեր, թալան, ասես շարունակ այստեղ մեռնում ու հարություն է առնում կյանքը: Արևի աստծո` Միհրի տաճարը, թվում է, դրա վկայությունն է: Հոյակերտ այդ տաճարն այնքան ամուր ու կատարյալ էր, որ մասնակի ավերումները, տարբեր վերանորոգումները գրեթե փոփոխություններ չմտցրին նրա հատակագծերում և ստորին հատվածներում: Հետագայում Միհրի հին տաճարի տեղում կառուցվեց նորը, որ հռոմեական, հելլենական և հայկական զարդանախշերով միացյալ մի կառույց էր: Զարմանահրաշ ներդաշնակությամբ միահյուսված տաճարը, ասես, խաղաղության և ողջ հին աշխարհի ներդաշնակության խորհրդանիշը լիներ: 19-րդ դարում Գառնին կանգնել էր իր կենսագրության ընթացքում ամենավտանգավոր սպառնալիքի տակ. ցարական իշխանությունները որոշել էին քանդել տաճարի ավերակները, տեղափոխել Թիֆլիս և վերականգնել տաճարն այնտեղ` ռուսական Անդրկովկասի այն ժամանակվա մայրաքաղաքում: Սակայն ծրագիրը կանխեց վիթխարի քարերի ծանրությունը. տեղափոխումը թանկ կարժենար: Այսօր, նայելով Գառնո տաճարին, ապշում ես, թե ինչպես են վարպետները կարողացել հազարավոր տոննաներ կշռող վեմերին տալ այնպիսի թռիչքային տեսք, որ ռուսներին հեշտ գործ է թվացել տաճարի տեղափոխումը, և պատկերացրեք, թե ինչից ենք փրկել Գառնիի տաճարը... Թիֆլիսում:
Քրիստոնեությունն իր հերթին հնարավոր «սրբագրություններ» է մտցրել տաճարի մեջ: Գառնին ճանաչելու համար անհրաժեշտ է հեռանալ Գառնիից, դիտել շրջակա աշխարհը, և հենց այստեղ է, որ շարունակում ենք փնտրել մեր չճանաչած Գառնին, ուր քանդված, ավերված արձանների բեկորներն անգամ բացահայտում են Գեղամա աշխարհի գեղեցկությունը:
Ֆիլմը նկարահանվել է մշակույթի նախարարության աջակցությամբ: Շնորհանդեսը կայացել է «Մոսկվա» կինոթատրոնում, անցկացվել են նաև կինոդիտումներ: Շավարշ Վարդանյանը նկատեց, որ մեկ անգամ դիտելը բավական չէ ֆիլմն ընկալելու համար, իսկ վաճառքի և տարածման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3467

Մեկնաբանություններ